Մարդկանց հույզերի աշխարհը շատ հարուստ է ու բազմազան։ Բայց ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ հիմնական հույզերը մի քանիսն են, իսկ մյուսները ստացվում են դրանց խառնումից։ Հիմնական հույզերի հնարավոր զուգորդությունների թիվը շատ մեծ է, քանի որ մարդու հոգեկանում զուգորդվում են յուրաքանչյուր հիմնական հույզի տարբեր ինտենսիվության տարբերակներ։ Հիմնական են կոչվում այն հույզերը, որոնք կազմված են 3 գլխավոր բաղադրիչներից՝ 1. հատուկ նյարդային հիմքից 2. դիմախոսական բարդություններից 3. հատուկ սուբյեկտիվ ապրումից (զուտ ներհոգեկան կողմից)։
Մարդու հիմնական հույզերն են՝ կանխազգացումը, հետաքրքրվածությունը, ուրախությունը, համակրանքը, վախը, զարմանքը, տխրությունը, զզվանքն ու զայրույթը։ Սրանք անհրաժեշտ են ինչպես անհատի, այնպես էլ տեսակի պահպանման համար։ Այդ հույզերից յուրաքանչյուրը առաջ է բերում այնպիսի ակտիվություն, որը ֆունկցիոնալ նշանակություն ունի կյանքի պահպանման համար։ Օրինակ՝ վախը կամ սարսափը պաշտպանական հուզական հակազդում է և անհատին հեռու է պահում վտանգներից։ Զայրույթն առաջ է բերում ավերիչ, ագրեսիվ վարք և վերացնում է օրգանիզմի պահանջմունքների բավարարման ճանապարհին հանդիպող արգելքները։ Մնացած հույզերը կամ ավելի բարդ են, կամ էլ թվարկված հույզերի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Ինչո՞ւ են սրանք կոչվում հիմնական կամ առաջնային։ Դրա պատճառն այն է, որ դրանք նախ մարդուն տրված են ժառանգականորեն և հոգեկանում ծագում են ինքնաբերաբար, այլ ոչ թե ուսուցման հետևանքով։