Փետրվար ամսվա աշխատանքներ

Եսայի Հասան Ջալալյան

Եսայի Հասան Ջալալյանը եղել է 17- 18-րդ դարի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։ Արցախի Հասան Ջալալյան իշխանական տոհմից:Եսայի Հասան Ջալալյանը 1701- 1728 թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1920 թվականից ՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն: Իսրայել Օրու մահից հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ:1716 թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Այսրկովկաս Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1- ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը ընդունելու ցանկությունը: Եսայի Հասան Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը 1722 թվականին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին:Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և Թիֆլիսում Վրաց թագավոր Վախթանգ 6- ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր: 1724 թվականին թուրքական զորքի ՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի ՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք:Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700- 1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, ,,Պատմութիւն Աղուանից,, գործը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում: Երկը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876), վրացերեն (1971) և ռուսերեն (1989):

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքարը 1724- 1731 թվականներին սկսված ազատագրական շարժում է, պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722- 1730):18- րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ ՝ Պետրոս Մեծից (1682- 1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը ՝  նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան ՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից ՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III- ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Հասան- Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց ,,մելիք,, էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716- 1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք- պարսկական լծի դեմ։

Սյունիքի ազատագրական պայքարի մասին

Սյունիքի ազատագրական պայքարը 1722- 1730 թվականներին սկսված ազատագրական շարժում է, պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724- 1731):Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Հասան- Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց ,,մելիք,, էին անվանում: Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում ՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդն է։ Ծնվել է 1669 թ Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է:Արևելյան Հայաստանի բնակչությունը 18- րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720- ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին ՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ- վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI- ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Վրաստանից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։

Մխիթար Սպարապետ

Մխիթար Սպարապետը Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար է, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Սյունիքի մարզ)։ Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին ՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր ՝ նա միանում է Դավիթ Բեկին։ 18- րդ դարի 20- ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես ՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40- հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։ Մխիթար Սպարապետը առաջին հաղթանակը Քյուրթլար կոչվող տարածքում էր։ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի հաղթանակները մեծ ոգևորություն առաջացրեցին Սյունիքում։ Այդ ընթացքում Սպարապետն ու Տեր-Ավետիսը գրավում են Զեյվա բերդը։ Շուտով Արցախից Ավան յուզբաշու և Իվան Կարապետի գլխավորությամբ 2000 մարտիկներ անցնում են Սյունիք։ Հայկական զինված ուժերը Սյունիքում տիրում են մի շարք ամրությունների, ինչպիսիք էին Որոտանի և Զեյվայի ամրոցները։ Ամրացված էին նաև Շինուհայրն ու Տաթևը, Խնձորեսկը, ինչպես նաև կառուցվել էր Հալիձորի բերդը։ Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունենում Դավիթ Բեկի և Բարգուշատի Ֆաթալի խանի զորքերի միջև, որոնք ավարտվեցին հայկական ուժերի հաղթանակով։ Սակայն շուտով Ֆաթալի խանը նորից մեծ զորքով հարձակման անցնելով հասնում է հայկական Խոտան գյուղը։ Այնտեղ նրանց դեմ դուրս է գալիս Մխիթար Սպարապետը, կոտորում նրանց, սակայն չի հետապնդում, քանզի գժտված էր Դավիթ Բեկի հետ։ Գժտության պատճառը հայտնի չէ։ Այս հաղթանակներից հետո Սյունիքի ազատամարտիկները ստիպված եղան բախվել թուրքերի հետ։ Իրենց անգթությամբ աչքի ընկած թուրքերը իրենց արշավանքների ժամանակ նոր փորձությունների ենթարկեցին հայերին ՝ կոտորելով նրանց։ Թուրքերը շրջապատել էին Սյունիքը չորս կողմից։ Այդ ընթացքում Դավիթ Բեկի շուրջը գտնվող մարդկանցից շատերը, խուճապի մատնվելով, գերադասեցին անցնել թուրքերի կողմը։ Դավիթ Բեկը իր կողմնակիցներով հաստատվեց Հալիձորի անառիկ բերդում։ Դավիթ Բեկը շարունակեց բերդի ամրացման, պահեստների կառուցման և զորքի ստվարացման աշխատանքները։ Դավիթ Բեկն իր մի քանի զինակիցներին ուղարկում է փակել գետի բոլոր անցումները, սակայն թուրքերին հաջողվում է անցնել գետը և պաշարել բերդը։ Բերդին մոտենալուց հետո թուրքերը պատնեշներ կանգնեցրեցին և թնդանոթներից, հրացաններից սկսեցին կրակ բացել։ Հայերը բերդից նույնպես սկսեցին արձագանքել։ Վեց օր պայքարի շարունակումից հետո միայն յոթերորդ օրը թուրքերը մոտեցավ պարսպին։ Մխիթար Սպարապետի և Տեր- Ավետիսի որոշմամբ հայկական ուժերը զինված դուրս եկան բերդից և սրընթաց հարձակում գործեցին թուրքերի վրա։

Իսրայել Օրի

Իսրայել Օրին հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային- ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս ՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության ՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին ՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա ՝ մտել զինվորական ծառայության ՝ հեծելազորի լեյտենանտի, հետո ՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688- 1695 թվականներին մասնակցել անգլո- ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17- րդ դարի 90- ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի- Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։ 1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա ՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III- ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

Կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում: Հայաստանի անկախության վերականգնումը նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։ Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակ միջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։ Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։ Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։

Լևոն 1-ին

Լևոն Ա Ռուբինյան, Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։