Ողջույն, սիրելի ընթերցող, ես Վալերն եմ: Մանկուց սիրել եմ լրագրողի մասնագիտությունը՝ իր լավ և վատ կողմերով, և ցանկացել դառնալ լրագրող: Այսօր կպատմեմ, թե ինչպես հայտնվեցի լրագրող-հաղորդավարի դերում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ուսուցչուհուս հարցրի, թե ինչպես կարող եմ ուժերս փորձել լրագրության ասպարեզում, իսկ նա էլ ինձ ուղղորդեց դեպի Հայաստանի Հանրային ռադիո: Ժամանակ անց սկսեցի կամավորական աշխատանք տանել Հանրային ռադիոյի մանկապատանեկան բաժնում: Այժմ լրագրող ընկերներիս հետ վարում ենք «Զարթուցիչ» մանկապատանեկան առավոտյան ծրագիրը, նաև պատրաստում ռեպորտաժներ՝ցանկալի թեմաներով: Ռադիոյում ինձ ընդունեցին շատ լավ, ինչն ինձ շատ ոգևորեց։ Անցել է ընդամենը 6 ամիս, բայց ռադիոն արդեն ինձ հարազատ է դարձել: Հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էի մտնում ռադիոյի շենք, տեսնում ծանոթ ու անծանոթ դեմքեր… Ռադիոյում ես հանդիպեցի մի հանելուկային իրավիճակի. Ես ռադիո գնացել էի որպես հաղորդման հյուր, բայց վերջում պարզվեց, որ ես գնում եմ որպես հաղորդման հաղորդավար: Պատկերացրեք, թե ինչ շփոթված էի, հուզմունքս չափ ու սահման չուներ… Առաջին օրը շատ շփոթված էի, որովհետև լինելով եթերային հաղորդավարի դերում` առաջին անգամ ունեինք նաև հյուր… Պատկերացրեք, թե ինչ պատասխանատվություն էր ինձ վրա, որովհետև պետք է հյուրի առաջ խոսեի անսխալ, առանց կմկմոցների (սակայն ես կարողանում եմ լավ կարդալ): Շատ լարվեցի մինչև ավարտեցինք եթերը, որին շատ էի սպասում… Ուզում եմ նման հնարավորության ստեղծելու համար շնորհակալություն հայտնել ուսուցչիս, կոլեգաներիս՝ միշտ ուրախ մթնոլորտ ապահովելու և ինձ լավ ընդունելու համար, և հատուկ շնորհակալություն ընկեր Մարինեին՝ մեր պատասխանատուին ինձ այդչափ աջակցելու և ամեն հարցում ճիշտ ուղղորդելու համար։ Սիրում եմ բոլորին շա՜տ:
День: 14 декабря 2019
Պաուլո Կոելիո. Խոսեի սանդալները
Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա մի ոտքի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ էին տարբեր խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:
Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»
Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:
Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:
