Էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից է: Էլեկտրականությամբ են աշխատում գրպանի լապտերները, հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաները, էլեկտրաքարշները և շատ սարքեր ու սարքավորումներ: Էլեկտրականությունը ստացվում է ինչպես մեր ձեռքին գտնվող փոքրիկ մարտկոցներից, այնպես էլ մեզանից հեռու գտնվող հսկա գեներատորներից:Հազարամյակներ շարունակ մարդիկ ականատես են եղել բնության ահեղ երևույթին՝ կայծակի շլացուցիչ բռնկմանը, և միայն մեզանից շուրջ 100 տարի առաջ նրանք սովորեցին օգտագործել բնության էլեկտրական ուժերը, էլեկտրականությանը «հարկադրեցին ծառայել» իրենց:Բնության մեջ կան լիցքավորված մանրագույն մասնիկներ: Դրանց մի մասն ունի դրական, մյուսը՝ բացասական լիցք: Բացասական լիցքով ամենափոքր մասնիկները կոչվում են էլեկտրոններ: Դրանք կարող են ուղղորդված շարժվել մետաղե հաղորդիչների ներսում: Հենց այդ լիցքավորված մասնիկների կանոնավոր հոսքը մի ուղղությամբ՝ էլեկտրական հոսանքն է: